Ուկրաինայի պատերազմի շուրջ բանակցությունները Ստամբուլում, որոնք տեղի են ունենալու Դոլմաբահչեի պալատում, նախատեսվում է սկսել Երևանի ժամանակով 11-ին: Տեղեկությունը հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական պատվիրակությունն արդեն Ստամբուլում է:
Ուկրաինական կողմը, սակայն, հայտարարել է, որ բանակցությունների սկսման ժամանակի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չի ձեռք բերվել՝ հերքելով ռուսական լրատվամիջոցների հրապարակումները։ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի Տեղեկատվական դիմակայության կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն նշել է, որ բանակցությունների ժամը «չի պլանավորվել և չի համապատասխանում իրականությանը»։
Երեկ երեկոյան ՌԴ նախագահը հրապարակել էր պատվիրակության կազմը, որում ինքը չկա:
Բանակցություններին կմասնակցեն պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, Վլադիմիր Մեդինսկին՝ Պուտինի օգնականը, Իգոր Կոստյուկովը՝ Գլխավոր հետախուզական վարչության տնօրենը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս շաբաթվա սկզբին հայտարարել էր, որ Պուտինի բացակայությունը հստակ ազդանշան կլինի այն մասին, որ նա իրականում հետաքրքրված չէ խաղաղությամբ: