Բաքվում հայ գերիների դատավարության նիստի թեման «Քելբաջարի գրավումն» է եղել

Ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունը հրապարակել է մայիսի 12 -ին Բաքվի ռազմական դատարանում հայ գերիների՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության՝ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Լյովա Մնացականյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների դատավարության հերթական նիստի մանրամասները:

Այդ դատավարություններին ներկա չեն անկախ լրատվամիջոցներ, իրավապաշտպաններ ու փաստաբաններ, և ադրբեջանական պետական լրատվամիջոցի հաղորդածը փաստացի ստուգելու հնարավորություն չկա:

Ըստ «Ազերթաջ»-ի՝ այս նիստի թեման 1993 թվականի «Քելբաջարի գրավումն էր», նիստի ընթացքում հարցաքննվել են որպես «տուժող» ներկայացված մի քանի ադրբեջանցիներ, ովքեր պատմել են «Քելբաջարի գրավման ժամանակ» Բաշլիբել կոչվող գյուղում, Թունել կոչվող տարածքում և Քելբաջարի այլ հատվածներում հայերի կողմից իբրև թե «խաղաղ բնակչության դեմ իրականացված հանցագործությունների մասին»:

Որպես տուժող ներկայացողներից մեկը՝ Էլշադ Ալիշով անունով, օրինակ, ըստ «Ազերթաջ»-ի, պատմել է, որ Քելբաջարից փորձել են հեռանալ մեքենայով, սակայն հայերը իբր «կրակել են իրենց մեքենայի վրա, ինչի հետևանքով հրազենային վիրավորում են ստացել մայրն ու քույրը»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանն օգտագործում է Ղարաբաղում մնացած հատուկենտ հայերին՝ նրանցից ցուցմունքներ կորզելով. իրավապաշտպան

Մյուս տուժող ներկայացված Էլշադ Ազիզովն էլ հայտարարել է, որ ինքը «ձեռքի վիրավորում է ստացել Բաշլիբելի վրա հայերի հարձակման ժամանակ», և որ այդ ընթացքում իբրև թե «12 հոգի է սպանվել, իսկ Հայաստանի բանակը թալանել է գյուղի բնակիչների տները»: Ըստ «Ազերթաջ»-ի՝ Բաքվի դատարանում հնչած ցուցմունքների՝ հայերը իբրև թե «թույլ չեն տվել խաղաղ բնակիչներին լքել գյուղը, բայց գյուղացիների մի մասը փախել է լեռներ ու քարանձավներ և միայն մի քանի ամիս անց կարողացել զարտուղի ճանապարհներով հասնել Դաշքեսանի շրջան»:
Որպես տուժող ներկայացող ադրբեջանցին Բաքվի դատարանում նշել է նաև, որ հայերը 1993 թվականի ապրիլի 18 -ին «քարանձավների վրա էլ են հարձակվել և սպանել 10 խաղաղ բնակիչների»:

Որպես տուժող ներկայացող այլ ադրբեջանցիներ պատմել են, որ իբր «հայերը գյուղի կուլտուրայի տանը տարեց ադրբեջանցու են վառել, իսկ մի կնոջ ջուրն են նետել»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն միջազգային անկախ դիտորդներին ու փորձագետներին արգելել է մասնակցել հայերի դատերին

Նիստի մասին «Ազերթաջ»-ի ներկայացրած նյութում նշված են այն բոլոր ձևակերպումները, որ դրված են ադրեջանական բազմաթիվ մեղադրանքների հիմքում, որ ադրբեջանցիները «սպանվել են միայն ադրբեջանցի լինելու համար», որ «սպանվել են խաղաղ բնակիչներ, որ եղել են այլ երկրներից վարձկաններ» և այլն:

Բաքվում պահվող հայ գերիները, որոնց մեջ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մի մասն է, մեղադրվում են երկու տասնյակից ավելի հոդվածներով՝ պատերազմի հանցագործություններից ու ցեղասպանությունից մինչև հանցավոր և զինված ապօրինի խմբերի կազմավորում, պատերազմ վարելուց մինչև ստրկություն ու տեղահանություն: Հայաստանում քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները այս դատավարությունը շինծու են համարում ու կարծիք հայտնում, որ դրա վերջնանպատակը Հայաստանի Հանրապետությունը ագրեսոր ներկայացնելն է:

Ղարաբաղյան հակամատությունն ուսումնասիրող Թոմ դը Վալը իր «Սև այգի» գրքում «Քելբաջարի գրավման» մասին, օրինակ, գրում է, որ «ռազմական կորուստները Քելբաջարի գրավման ժամանակ նվազագույն էին», քանի որ զինվորների մեծ մասը հեռացել էր քաղաքացիական փախստականների հետ։

«Ապրիլի 3-ից հետո, երբ հայերը գրավեցին Քելբաջար քաղաքը, մյուս մասը հեռացավ Մռավի լեռների միջով բաց թողնված ձյունածածկ ճանապարհով: Քելբաջարի գրավման ժամանակ զոհված մի քանի հարյուր քաղաքացիական անձանց մեծ մասը զոհվել է ցրտից», - գրում է Դե վալը:

Հայաստանում Ռուսաստանի առաջին դեսպան Վլադիմիր Ստուպիշինն էլ իր հիշողություններում գրում է, որ Քելբաջարի վրա գրոհի ժամանակ քաղաքացիական բնակչությանը Մռավի լեռներով և ուղղաթիռներով տարհանման հնարավորություն է տրվել:
Բայց խաղաղ բնակչություն, ըստ նրա, այդ ժամանակ Քելբաջարում շատ չէր մնացել: Ադրբեջանի նախագահ Էլչիբեյը նախօրոք բնակչության մեծ մասին արդեն այդ հատվածներից հանել էր, քանի որ հենց «Քելբաջարից նոր հարձակում էր նախապատրաստում Ղարաբաղի վրա», գրել է Ստուպիշինը: