Բաբայանը նպատակահարմար չի համարում արձագանքել Սեֆիլյանին և «ազգային նշանակության գործն իջեցնել անձնական բանավեճի մակարդակի»

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար և Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայան, արխիվ

«Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը նպատակահարմար չի համարում մեկնաբանել 25-ամյա վաղեմության գործը» ,- «Ազատության» հարցմանն ի պատասխան փոխանցել են նրա մամուլի ծառայությունից՝ նշելով, որ «Հոկտեմբերի 27»-ի գործի շրջանակներում «դեռևս 2000 թվականին Սամվել Բաբայանն արդեն իսկ տվել է իր բացատրությունները»:

Սամվել Բաբայանը երկու ամիս առաջ տված հարցազրույցում հայտարարել էր, թե 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո իրեն է զանգահարել է Ժիրայր Սեֆիլյանը և վիրավորական արտահայտություն հնչեցրել սպանվածներից մեկի հասցեին: Բաբայանի հարցազրույցի այդ հատվածն օրերս խորհրդարանում հնչեցրել էր Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հորդորելով գլխավոր դատախազին ուսումնասիրել այդ դրվագը:

Այդ հորդորից հետո երեկ Քննչական կոմիտեում «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասի շրջանակում հարցաքննվեց Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Հարցաքննությունից հետո Սեֆիլյանն «Ազատության» հետ զրույցում «կեղծիք» և «անհեթեթություն» որակեց Բաբայանի պնդումները:

«Ինչ վերաբերում է Ժիրայր Սեֆիլյանի կողմից Սամվել Բաբայանի խոսքերը «անհեթեթություն և կեղծիք» որակելուն, ապա վերջինս նպատակահարմար չի գտնում մեկնաբանել այն, քանի որ այդ դեպքում ազգային նշանակության այդ գործը կիջեցվի անձնական բանավեճի մակարդակի, ինչից չի շահի բուն քննությունը: Փոխարենը, գործի հանգամանքների վրա լույս սփռելու նպատակով, առաջարկվում է ձեռք բերել և քննության առարկա դարձնել, լրագրող Սուրեն Սարգսյանի պնդմամբ, ազգային անվտանգության մարմնում առկա ձայնագրությունները», - «Ազատությանը» փոխանցել են Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունից:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Անհեթեթություն ու կեղծիք է». Սեֆիլյանը հերքում է «Հոկտեմբերի 27»-ի վերաբերյալ Բաբայանի պնդումները