Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող «Տոյոտա-Երևան» ընկերության տարածքը հայտնվել է մի քրեական գործի առանցքում, որով գլխավոր մեղադրյալը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է: Դատախազությունը Սարգսյանին մեղադրում է 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին:
Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանն այս ամենն արել է Իսակովի պողոտայի և «Եռաբլուր» պանթեոնի հարակից հողամասերը «Տոյոտա-Երևան»-ին փոխանցելու համար: Այս ընկերության 30 տոկոսը պատկանում է երկրորդ նախագահի որդի Սեդրակ Քոչարյանին:
«Բացարձակ իրականության հետ կապ չունեցող մեղադրանք է, ամբողջությամբ քաղաքացիա-իրավական գործարքներ են, որոնք, Դատախազության կարծիքով, իրենց տված գնահատականներով բերել քրեականացրել են քաղաքացիա-իրավական գործարքները», - «Ազատության» հետ զրույցում պնդեց Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:
Դատախազն օրերս հաստատել է երրորդ նախագահին վերագրվող նոր մեղադրանքն ու գործն ուղարկել դատարան: Հակակոռուպցիոն դատարանը քննությունը կսկսի մյուս շաբաթ՝ մայիսի 21-ին:
Ըստ մեղադրանքի, պետությանը պատկանող հողատարածքը շուկայականից ցածր գնով վաճառվելով՝ հասել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին:
«Տոյոտա -Երևան»-ն, ի դեպ, միայն այս գործով չէ, որ հիշատակվում է, Գլխավոր դատախազությունն այն ապօրինի է որակել ու դատարանից պահանջում է հօգուտ պետության բռնագանձել Քոչարյաններից:
«Եռաբլուր լացողներ, Եռաբլուրի կեսը սեփականաշնորհել էիք, էդ դուք չե՞ք, Եռաբլուրի վրա «Լեքսուս» ու «Տոյոտա»-ներ սարքողներ». - վարչապետ Փաշինյանի այս հայտարարությունից մոտ մեկ տարի անց՝ այս հունվարին, դատախազը 23 դրվագներով քրեական հետապնդում հարուցեց առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման, ինչպես նաև պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար: Թե կոնկրետ ինչ գումարների մասին է խոսքը, իրավապահները չեն մանրամասնում: Սերժ Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում, ստորագրություն է տվել չբացակայելու մասին: Նրա փաստաբան Ամրամ Մակինյանն ասում է՝ հողամասերը վաճառել են Կառավարության որոշման հիման վրա՝ շուկայական գնով, ոչ թե՝ էժան, ինչպես իրավապահներն են պնդում:
«Պարոն նախագահը եղել է պաշտպանության նախարար, ինչպես հիմա, այնպես էլ առաջ պետության սեփականություն հանդիսացող գույքեր օտարվել են, Դատախազությունը ըստ իր ճաշակի օտարման գործարքները որակել է որպես Քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածով», - նշեց փաստաբանը:
Իսկ ահա դրա հողատարածքների վաճառքի գործով Սերժ Սարգսյանի հետ մեղադրյալի աթոռին են ևս երկու հոգի՝ այն ժամանակ բարձրաստիճան զինվորականներ, որոնք, ըստ քննիչների, աջակցել են Սարգսյանին: Նրանք ևս մեղադրանքը չեն ընդունում:
2005-ին զորամասի հրամանատար Ալեքսան Ալեքսանյանի փաստաբան Գոռ Գևորգյանը չի բացառում այս գործում քաղաքական ենթատեքստը՝ հաշվի առնելով երկու նախագահների առնչությունը Եռաբլուրի հողերի վաճառքին:
«Էս փուլում զուտ մարտավարությունից ելնելով չեմ ուզում շատ բան բացահայտեմ, բայց քրեական վարույթի նյւթերում չկա գեթ մեկ ակնարկ, գեթ մեկ փաստ, ապացույց, ինչ ուզում է անվանեն, իրենց նկարագրածը պաշտպանյալիս հետո կապելու, որևէ փաստական տվյալ չկա», - «Ազատությանը» ասաց Գևորգյանը: - «Չեմ կարող բացառել, բայց նաև չեմ էլ կարող հաստատել [քաղաքական ենթատեքստը]: Ուղղակի հաշվի առնելով էն հանգամանքը, որ էդքան տարի հետո ու առանց որևէ լուրջ ապացույցի հասավ էն աստիճան, որ քրեական վարույթի նյութերը գնաց դատարան, ինձ այլ ելք չեն թողնում, քան՝ մտածեմ, որ իրականում կարող է և քաղաքական ենթատեքստ կա»:
Երրորդ մեղադրյալը 2003-2009 թվականներին Պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար Վալերի Գրիգորյանն է:
Այս գործով վաղեմության ժամկետները կլրանան մի քանի ամսից: Սա նշանակում է, որ մեղավոր ճանաչվելու դեպքում էլ մեղադրյալները չեն ազատազրկվի:
«Էնպես չի, որ էս որոշումով ես կամ շատ երջանկացել եմ, կամ եթե այլ որոշում լիներ, ես պիտի ողբերգություն ապրեի։ Նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ արարքի վաղեմության ժամկետը շատ վաղուց արդեն լրացել էր, և ընդամենը առաջին հերթին ինձ համար սա բարոյակա՛ն նշանակություն ունի». - երրորդ նախագահի այս հայտարարությունը մեկ տարի առաջ էր՝ մեկ այլ՝ վառելանյութի գործով առաջին ատյանի դատարանի կողմից նրա արդարացումից հետո: Ու չնայած վաղեմության ժամկետն անցել է, Դատախազության բողոքարկման արդյունքում գործը նորից է քննվելու:
Երրորդ գործը, որով մեղադրյալ է նախկին նախագահը, առնչվում է կաշառք ստանալուն: Գործարար Սիլվա Համբարձումյանի բողոքի հիման վրա դեռ 2019-ին հարուցված գործը նախաքննության փուլում է: Գործարարը հայտարարել էր, թե կաշառք է փոխանցել ինչպես Ռոբերտ Քոչարյանին, այնպես էլ Սերժ Սարգսյանին, որ չխանգարեն հանքարդյունաբերության իր բիզնեսին: Թե ինչու է այս մի գործը քննվում արդեն վեց տարի, իրավապահները չեն մանրամասնում: