Մատչելիության հղումներ

ՔՊ-ական պատգամավորի նախագիծը. 15-20 մլն վճարողները ծառայեն 1-6 ամիս, վատառողջները սահմանափակումներով զորակոչվեն


«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հայկ Սարգսյան, արխիվ
«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հայկ Սարգսյան, արխիվ

Իշխանական պատգամավորն առաջարկում է զինապարտներին հնարավորություն ընձեռել, որ մի կլորիկ գումարի դիմաց ոչ թե երկու տարի, այլ շատ ավելի քիչ ծառայեն: ՔՊ-ական Հայկ Սարգսյանը նախագիծ է մշակել, որը ծառայությանն առնչվող մի շարք դրույթներ խստացնելուն զուգահեռ՝ ֆինանսապես ապահով ընտանիքների համար նման տարբերակ է ներառում:

«Մեր քաղաքացիները ոչ թե գումար ծախսեն փոխեն իրենց քաղաքացիությունը, այսինքն՝ հրաժարվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, այլ էդ գումարները ուղղեն պետությանը և ամեն դեպքում ծառայեն, գոնե կարճ ժամանակով ծառայեն և նաև հաշվառվեն պահեստազորում, որպեսզի կարիքի դեպքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերը իրենց նույնպես օգտագործի», - հայտարարեց Սարգսյանը:

Բանակ գնացողների թվի՝ վերջին տարիներին վատթարացող վիճակագրությունն ուսումնասիրած պատգամավորը գումարի չափն էլ է նշում. երկու տարվա փոխարեն մեկ ամսով զորակոչվելու վճարը 20 միլիոն դրամ կկազմի, 15 միլիոնի դիմաց էլ ծառայությունը կավարտվի վեց ամիս հետո:

«Զինծառայության, ծառայության գրավչության բարձրացում, արտագաղթի կանխարգելում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերի կրճատում», - նշեց նա:

Հայկ Սարգսյանը պնդում է՝ իր առաջարկած քայլերով բանակ գնացողների թիվը կմեծանա: Երկու տիպի փոփոխություն է առաջարկում՝ ինչպես ինքն է ասում՝ խստացնող ու խրախուսող. - «Վերջնարդյունքում՝ հրավիրվածների միայն 30-ից 40 տոկոսն է զորակոչվում ծառայության»:

Ընդգծելով, որ 2020-24 թվականների ընթացքում շուրջ 9 հազար տղա երեխա Հայաստանի քաղաքացիությունը փոխել է, պատգամավորն, օրինակ, առաջարկում է քաղաքացիության դադարեցման համար 15 միլիոն դրամի տուրք սահմանել: Քայլերից մյուսն, ըստ պատգամավորի, առողջական խնդիրների հանդեպ մոտեցման վերանայումն է, որ այս կամ այն խնդիրն ունեցող երիտասարդը ոչ թե ազատվի, այլ սահմանափակումներով զորակոչվի: Գործող կարգավորումները խստացնող հենց այս առաջարկներին զուգահեռ՝ պատգամավորը փող ունեցող ընտանիքներին իրենց զավակներին շատ ավելի թեթև ծառայության ուղարկելու մեխանիզմ է առաջարկում՝ վճարիր ու քիչ ծառայիր:

«Ազատության» կարճ հարցմանը մասնակցած քաղաքացիները վրդովված էին: Բոլորը միաձայն ընդգծում էին՝ անարդար է:

Թեմայի շուրջ ասուլիս հրավիրած պատգամավորը, մինչդեռ, հակառակ համոզմունքն ունի՝ արդարությունն այսպիսով կվերականգնվի, քանի որ հարուստները հիմա էլ են կարողանում որդիներին փախցնել. - «Սոցիալապես ապահովված քաղաքացիները հնարավորություն ունեն այսօր հրաժարվելու քաղաքացիությունից՝ այլ երկրում քաղաքացիություն ստանալով, ինչի հնարավորությունը սոցիալապե կարիքավոր անձինք չունեն, և սրանով իսկ նրան լուծում են զինվորական ծառայությունից խուսափելու հարցը դեռևս պատանի հասակում՝ մինչև զորակոչային տարիքի հասնելը»:

Իսկ Ի՞նչ հեռանկար ունի առաջարկը. Հայկ Սարգսյանն ասում է, թե թիմակիցներին այն դեռ չի ներկայացրել, բայց քննարկել է անձամբ վարչապետի հետ:

«Իմ կողմից առաջարկվող փոփոխությունները, որոնք որ ես կարողանում եմ հիմնավորել , դրանք բոլորը վարչապետի կողմից ընդունվել են և ընթացք է տրվել», - վստահեցրեց նա:

Պատգամավորի խոսքով՝ նախագիծն առաջիկայում Ազգային ժողովի պաշտպանության մշտական հանձնաժողովում կքննարկվի:

Մեկնաբանության համար «Ազատություն»-ը դիմեց պաշտպանության հանձնաժողովի ընդդիմադիր անդամներին, ասացին՝ նախ պետք է ամբողջությամբ ծանոթանան նախագծին:

Բայց իշխանականի առաջարկն արդեն Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծության վարչությունն է ուսումնասիրել ու եզրակացրել՝ Սահմանադրության սկզբունքների խախտման վտանգ կա: Հիշեցնելով Մայր օրենքի 28-րդ հոդվածը, որ «Բոլորը հավասար են օրենքի առաջ», վարչությունն ընդգծում է՝ պատգամավորի ներկայացրած առաջարկով պարտադիր զինվորական ծառայության պարտականությունը հավասարապես բոլորի վրա չի տարածվում, և կախված ընտանիքների ֆինանսական վիճակից՝ կարող է տարբերակված կիրառվել:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG