Մատչելիության հղումներ

Երևանում է ԵՀ ընդլայնման և Արևելյան հարևանության գլխավոր տնօրինության ղեկավարը


Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի

Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացումն է կարևորել և բոլոր ուղղություններով համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու ՀՀ Կառավարության հանձնառությունն է ընդգծել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր ընդունելով Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և Արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը:

Փաշինյանի խոսքով՝ ԵՄ-ի հետ համագործակցությունը կառուցվում է փոխադարձ հարգանքի, ընդհանուր արժեքների և գործընկերության հիմքի վրա, որի առանցքում ժողովրդավարության ամրապնդումն ու օրենքի գերակայության ապահովումն են։

Կառավարության լրատվականի փոխանցմամբ, Գերտ Յան Կուպմանը բարձր է գնահատել Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով, որ ԵՄ-ը դիտարկում է Հայաստանը որպես վստահելի և արժանահավատ գործընկեր։ Նա դրական է գնահատել վերջերս ՀՀ Ազգային ժողովի ընդունած «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը՝ նշելով, որ դա կարևոր ուղերձ է, որը վկայում է Հայաստանի եվրոպական ընտրության անկեղծության և հետևողականության մասին։

Կուպմանն ընդգծել է, որ ԵՄ-ն ողջունում է ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգը եւ պատրաստ է հետևողականորեն աջակցել այդ գործընթացին՝ ընդլայնելով համագործակցությունը բոլոր այն ոլորտներում, որոնք նպաստում են Հայաստանի կայուն զարգացմանն ու քաղաքացիական հասարակության զարգացմանը։

Զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլին, այդ թվում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքին, տնտեսական և ոլորտային համագործակցությանը, թվայնացման, կանաչ էներգիայի, կրթության, ենթակառուցվածքների զարգացման և ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են 2024-ին Բրյուսելում հայտարարված Դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027թթ. համար նախատեսվող միջոցառումներին՝ ընդգծելով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը:

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող խնդիրներ, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին առնչվող հարցեր, ասված է հաղորդագրությունում:



XS
SM
MD
LG